Պատրաստ ենք կնքել «Խաղաղության պայմանագիրը»․ Սրբուհի Գալյան
Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել «Խաղաղության պայմանագիրը», և Ադրբեջանի կողմից հնչեցված մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի «Խաղաղության պայմանագրի» կնքումը՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»,-ավելացրեց նա։
Գալյանը նշեց, որ այժմ աշխատում են Սահմանադրության նոր տեքստի վրա։
«Տեքստի մասով մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի կարող լինել գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է և յուրաքանչյուր կետ քննարկվելու է բնակիչների հետ»,- ասաց նա։
Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ կառավարությունն այս պահի դրությամբ պատրաստ է կնքել «Խաղաղության պայմանագիրը»։