Գալուզինը հերքել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին
Հնարավոր չէ միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և ԵՄ-ում, բայց Հայաստանի որոշելիքն է, թե որտեղ է ավելի լավ լինել: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների ասոցիացիա է, իսկ ԵՄ-ն կառույց է, որտեղ իշխում են հակառուսական նարատիվները, որոնք շարադրել են բրյուսելյան բյուրոկրատները՝ իրականությունից դուրս:
«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ կապի խզումից առաջացած կորուստները կհասկանա հայ հասարակությունը, որպեսզի նրանք օբյեկտիվ ըմբռնեն իրականությունը»,- ասել է դիվանագետը:
Գալուզինը նշել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։