Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ․ ես վստահ եմ, որ սիրում եմ Հայաստանը ու պահում եմ հայկական ֆուտբոլի շահերը․ Արմեն Մելիքբեկյան
«Հանրության որոշ շրջանակներում ընկալում կա, որ դուք թրքասեր եք, այս իշխանությունների քաղաքականության կրողն եք։ Ինչո՞ւ են ձեզ համարում թրքասեր»։ Ասուլիսում լրագրողն այս հարցն ուղղեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Վերջինիս նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում։
«Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասե՞ք»,- հարցրեց Արմեն Մելիքբեկյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ «հանրության մեջ նման ընկալում կա», ՀՖՖ նախագահն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր։ Ես չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։ Եթե դուք բացատրեք տերմինի իմաստը... Ես միայն Հայաստանի քաղաքացի եմ, ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանը, հայաստանցիներին ու իմ գործունեության ընթացքում դա շատ լավ երևում է, ՈւԵՖԱ-ում ու ՖԻՖԱ-ում դա շատ լավ գիտեն, որ ես ամեն կերպ պահում եմ Հայաստանի հայկական ֆուտբոլի շահերը, անկեղծ ասեմ՝ դա տեսնում են այնտեղ և ընդգծում են։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, աշխատում եմ Հայաստանի համար»,- ասաց նա։