Կառավարությունն հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարտահանվեն որպես մշակութային արժեքներ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարող են Հայաստանից արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայիկամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության հիման վրա:
«Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:
Նախագծով նախատեսվում է հաստատել վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը, որի արդյունքում անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից»,-ասվում է հիմնավորման մեջ: