Մասիս քաղաքում ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ «կտրել հսկա կանաչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույսեր դնել»
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Մասիս քաղաքում ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ «կտրել հսկա կանաչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույսեր դնել»։
Մասիսի համայնքապետարանի դիմացի երբեմնի ծառախիտ այգին այժմ դարձել է Գուգլի քարտեզների հուշ։ Հատվել են տասնյակ կանաչ ծառեր, փոխարենը տնկվել փոքրիկ դեկորատիվ ակացիաներ կամ ծաղկամաններով բույսեր դրվել։
Ծառերի այս համատարած սպանդը հիմնականում մասնագետների պակասի, կանաչապատման ոլորտում աշխատող անգրագետների ու Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերահսկողության տոտալ բացակայության և բնակիչների անտարբերության պատճառով է»,- գրել է Հայրումյանն ու դիմել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին/EPMIB․ « խնդրում եմ ուսումնասիրեք»։