Արցախցիների բարձրացրած հարցերը հավաքական առումով վերաբերում են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում, չի ծառայեցնում հավաքական հայերի հետաքրքրություններին և, բնականաբար, այդ տեսանկյունից ՀՀԿ-ի համար որպես առաջնայնություն այս իշխանությունների փոփոխությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ակցիայի ժամանակ։ Նկատենք, որ ակցիայի մասնակիցները ԱԳՆ-ից պահանջում են պաշտպանել արցախցիների իրավունքները և բոլոր միջազգային ատյանների հետ աշխատելով` օր առաջ տուն վերադարձնել Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նման ակցիաների հիմնական նպատակը պետք է լինի արդյունք ապոհովելը, ինչը նշանակում է, որ այն պետք է ունենա քայլերի հաջորդականություն՝ նպատակին հասնելու համար։
«Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, հավաքական առումով վերաբերում են ոչ միայն Արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության հետ»,- ասաց Աբրահամյանը։