Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանին և Անկարային. Ռուբինյանն ու Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել
Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Յուրի Գալուզինի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև:
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր լեզու գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա):
Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։