Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում պատասխանել է Խոջալուի դեպքերի մասին իրեն ուղղված հարցերին
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է շինծու մեղադրմամբ կալանքի տակ պահվող Արկադի Ղուկասյանի դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Արկադի Ղուկասյանը պատասխանել է 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած Խոջալուի դեպքերի մասին իրեն ուղղված հարցերին։
APA-ի փոխանցմամբ, Ղուկասյանն ասել է, որ Խոջալուի դեպքերի մասին առաջին անգամ տեղեկություն է ստացել «պաշտոնական տեղեկատվության» ժամանակ։
«Այն ժամանակ մենք չգիտեինք ողբերգության մասշտաբները։ Մենք գիտեինք, որ Խանջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ կային Ստեփանակերտում, հետո նրանց հանձնել են մյուս կողմին»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Արցախի նախկին նախագահը։
Ղուկասյանն «այդ օրերի իրադարձություններն անընդունելի է համարել և անվանել պատերազմի արյունոտ էջերից մեկը»: