Հետաքրքիր է՝ իսկ Տալլինի մաքրությամբ հիացող Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվե՞լ է, թե ինչպես են օրինակ ասֆալտապատում, որ դա չհոսի առաջին իսկ անձրևից հետո․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հետաքրքիր է՝ իսկ Տալլինի մաքրությամբ ու կոկիկությամբ եւ իրենց քաղաքը սիրելու էստոնացիների գիտակցությամբ հիացող Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվե՞լ է, թե ինչպես են էստոնացիները իրենց փողոցներից մաքրում նաեւ փոսերը:
Իսկ եթե փոսերը ոչ թե մաքրում են, այլ ասֆալտապատում այնպես, որ դրանք չհոսեն առաջին իսկ անձրևից հետո, ապա հետաքրքրվեր, թե ինչպե՞ս են ասֆալտապատում, ինչպե՞ս են վերահսկում այս ասֆալտապատումը:
Այլապես, միշտ էլ, իհարկե, հնարավոր է ուղղակի, թե տողատակով բարոյականություն կարդալ իրենց քաղաքները էստոնացիների չափ «չսիրող» հայաստանցիների գլխին, բայց քաղաքային կառավարումը եւ, կառավարումն ընդհանրապես, շատ կոնկրետ մասնագիտական հմտությունների եւ արժեքների հարց է, որի պատասխանատվությունը հայաստանցիների դաշտում չէ, այլ այն մարդկանց, որոնք ապրում են հայաստանցիների վճարած հարկերի հաշվին»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում է, հայտարարել է՝ «լավ, ինչպե՞ս կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված»։