Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք հիստերիայի մեջ են ընկնում. Մեսրոպ Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում երեկ երեք անգամ ինքն իրեն հերքեց. մեկ ասում է՝ տեղյակ չեմ, հետո մանրամասն անդրադառնում այդ թեմային, վերջում էլ ասում է՝ ես չպետք է քայլեր անեմ, Ավինյանը պետք է անի»: Երևանի քաղաքապետարանի դիմաց ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
Նա ընդգծեց, որ երբ «խոսում ես կոռուպցիայից, իրենք ընկնում են հիստերիայի մեջ»։
«Երբ խոսեցինք կոռուպցիայից, մանկապարտեզից, իրենք սարքեցին այս ամբողջ պատմությունը «Հանրապետություն» կուսակցության հետ։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության կեղծ ժողովրդավարները և ՔՊ-ն մի մարմին, մի հոգի են»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետության» կուսակցությունից է։ Օրեր առաջ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թիմակիցները հենց թաղապետարանում ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ով Մեսրոպ Մանուկյանի հետ անդրադարձել էր Նոր Նորքի մանկապարտեզի անորակ աշխատանքներին, քաղաքային իշխանության թերացումներին, «բացահայտում էին այս իշխանությունների թալանը»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանի առաջ իրականացրած ակցիայի համար՝ խուլիգանության հատկանիշներով։