«Փաշինյանն իշխանության չէր եկել Մարտի 1-ի առիթով հուշարձան տեղադրելու, ո՞ւր են 10 uպանnւթյան բացահայտումները». Թովմասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին
Ազգային ժողովում այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացնում է 2024 թվականի տարեկան գործունեության հաղորդումը։ Նրա ելույթի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց «մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, խոստումները, հավաստիացումները։
«Ուզում եմ հետաքրքրվել «Մարտի 1»-ի գործի մասին, քանի որ այդ գործով ձեզնից առաջ պաշտոնավարած Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհուպ հավաստիացումներ ենք լսել, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, լսելու եք սենսացիոն բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին այդպես էլ ոչինչ չենք լսել։ Անհայտ է մնում «Մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները։
2018 թվականից Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է «Մարտի 1»-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի, ոչինչ հայտնի չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իմ կարծիքով` ամբողջությամբ բացահայտված է»։ Մեզ պետք չէ որևէ մեկի կարծիքով բացահայտումը, մեզ պետք է «Մարտի 1»-ի իրական բացահատում։
Ի վերջո, նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացած մարդ, նաև դրա համար եմ գնացել հրապարակ, որպես իրավատեր քաղաքացի, որ «Մարտի 1»-ը պետք է բացահայտվեր Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք, բայց այդ բացահայտումը չկա, փոխարենը տեսնում ենք՝ Փաշինյանը խրոխտ գնում է «մարտի 1»-ի զոհերի հուշարձանի բացմանը։ Այսինքն իշխանության էինք բերել Փաշինյանին, որ «Մարտի 1»-ի զոհերին հիշատակին հուշարձան կառուցե՞ր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունեինք»,- ասաց Թագուհի Թավմասյանը։
Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ «Մարտի 1»-ի գործն իր ուշադրության կենտրոնում է:
«Եթե ունենանք համապատասխան արդունքներ, հանրությունը և դուք միանշանակ կտեղեկացվեք»,-ասաց նա: