Լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-ում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին՝ ասաց. «Ասում է՝ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում հարցնում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ: Բա գիտե՞ք մեզ հետ հանդիպումների ընթացքում մարդիկ ի՞նչ են ասում: Հարցնում են՝ ինչո՞ւ են դեռ այդ անհայրենիք դավաճաններն իշխանության»:
Հիշեցնելով Փաշինյանի կողմից նախկին նախագահների բանավեճի հրավիրելու թեման, Քոչարյանը նկատեց, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։
«Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք ինչ-որ մեկն ասում է՝ «լուսնի վրա կյանք կա, ա՛յ գիտնականներ, աստղաֆիզիկներ, եկե՛ք բանավիճենք դրա շուրջ, նրանք կասեն՝ հո դու հիմա՞ր չես, ու ինքն ասի՝ այ տեսաք, նրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի»,-ասաց Քոչարյանը: