Որոնողական աշխատանքները երկու շաբաթ հետո դադարեցվո՞ւմ են․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում
Փոքրիկ Տիգրանին 2 շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել. 15 օր է անցել, ինչ կորել է 2–ամյա փոքրիկը, և ամբողջ Հայաստանը շունչը պահած սպասում է դրական նորությունների։
MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Ինտենսիվությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն շարունակում են իրականացնել ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում»,– նշեց ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։