Կար մոտեցում՝ 7 շրջաններից վերադարձնել 5-ը․ երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց․ Լավրով (տեսանյութ)
Ղարաբաղի հարցում ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, քանի որ թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Մեդվեդևը տարիների ընթացքում առաջարկում էին լուծում, որն ապահովելու էր արդար մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով, Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Որպես առաջին փուլ` ադրբեջանական 7 շրջաններից վերադարձնել 5-ը, որպես միջանկյալ փուլ՝ պահպանել Քարվաճառի և Լաչինի շրջանները, որոնք շատ ավելի մեծ տարածքներ են, որոնք ՀՀ-ն միացնում են Ղարաբաղին: ԼՂ հարցի կարգավորումը հետաձգվեց երկար տարիներով, կար նաև մոտեցում՝ հարցի լուծումը թողնվի սերունդներին: Երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին»,-ասաց Լավրովը։