Կրակոցներ Արզնիի «Avenue Arzni» հյուրատանը. կան տուժածներ
Հունիսի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։
Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 6 պարկուճ, արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հարվածի հետքեր: