Չեմ կարող ասել, որ արցախցիների սպասումներն ամբողջությամբ կատարվել են. Նժդեհ Իսկանդարյան
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ստեղծել է աշխատանքային խմբեր, որոշակի դրական հաջողության ենք հասել»։ Այս մասին ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Խոսելով բնակարանային ծրագրից՝ նա ասաց, որ այժմ որոշակի բարեփոխված տարբերակ ունեն. «Եվս 158 բնակավայր ներգրաված է լինելու։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու։ Այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13 հազար 207 արցախցի»։
Նժդեհ Իսկանդարյանը հայտնեց, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում հիփոթեքային վճարումներ կատարել 10 տարի ժամկետով, հիմա արդեն` 20 տարի ժամկետով։
«Որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ, այն հաջողությունները, որոնք մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք»,- նշեց նա։