Ընկալելի չէ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն իմպիչմենտի մասով, բայց չեմ կարծում, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է. Աբրահամյան
Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր են։ Իհարկե, չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է։ Այս մասին, լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին հարցերին։
Նա նշեց, որ ընկալելի չէ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն իմպիչմենտի մասով և, իր համար սպասելի չէր այդ դիրքորոշումը, քանի որ ստեղծված իրավիճակում ողջամիտ ճանապարհը պարզապես իմպիչմենտի գործընթացի համար ձևաթղթի տակ ստորագրելն է։
«Լսեցինք մոտեցումը, թե ինչով է պայմանավորված այս պահին ձևաթղթի տակ չստորագրելը։ Ստացանք իրենց հավաստիացումները՝ ինչ-որ փուլում կգան ու կտան իրենց ստորագրությունը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունում կան մեծ թվով մարդիկ, ում լավ են ճանաչում, կան մարդիկ, որոնք իրականում գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը։
«Քաղաքական իրավիճակն այդպիսին է, աշխատանքը մի քանի հարթությունում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։