Վահե Մակարյանն Աժ-ում իրավունք չունի լրագրողական գործունեությամբ զբաղվել. նա կանոն է խախտել. ԱԺ նախագահի խոսնակը՝ լրագրողին խորհրդարանից հանելու մասին
Քիչ առաջ ՊՊԾ աշխատակիցները, ոլորելով լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, դուրս հանեցին նրան ԱԺ-ից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն Aysor.am-ին հայտնեց, որ Վահե Մակարյանը զրկված է ԱԺ հավատարմագրումից և խորհրդարանում չի կարող լրագրողական գործունեությամբ զբաղվել.«Ինքը հավատարմագրում չունի, այսինքն՝ ինքը չի կարող նաև Աժ-ում զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Փաստացի, ինքը լրագրողական գործունեությամբ է զբաղվել, ինչը հավատարմագրում չունենալուն հակասում է։ Հենց այդ պատճառով են հեռացրել նրան ԱԺ-ից»։
Դիտարկմանը՝ շատ լրագրողներ, օպերատորներ են եղել, ովքեր չեն ունեցել ԱԺ հավատարմագրում, սակայն պատգամավորների անցաթղթերով կարողացել են մտնել Աժ ու լրագրողական գործունեություն իրականացնել, Հարությունյանը պատասխանեց.«Չեն կարող, եթե լրագրողը գալիս է պատգամավորի հայտով, ինքը գալիս է միայն այդ պատգամավորից հարցազրույց վերցնելու, լրագրողական այլ գործունեություն չի կարող ծավալել։ Ինքը հարցազրույց չի արել, այլ եկել է, Աժ աշխատանքներ է լուսաբանում»։
Նա ավելացրեց, որ Վահե Մակարյանը զրկված է ԱԺ հավատարմագրումից և այս դեպքով կանոն է խախտել.«Նա Աժ-ում իրավունք չունի լրագրողական գործունեությամբ զբաղվել։ Մենք չենք խոչընդոտել, ինքը մտել է ԱԺ, սակայն ինքը կարող էր միայն այդ պատգամավորից հարցազրույց վերցնել։ Նա հավատարմագրումից զրկվել է՝ կանոններ խախտելու համար»։
ԱԺ նախագահի խոսնակը հավելեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը, Վահե Մակարյանն ԱԺ-ում չի կարող զբաղվել լրագրողական գործունեությամբ։