ՔՊ-ի մեջ էլ պետք է լինի ընդդիմություն․ եթե գլխավորը ինչ ասում է՝ ծափահարում են՝ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում․ Աջապահյան
Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինի ընդդիմություն․ ՔՊ-ի մեջ էլ պետք է լինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եթե չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է՝ ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Այդ դիկտատուրայի դեմ եկեղեցին պետք արտահայտվի՞, թե՞ ոչ, դե արտահայտվում է»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա խոսքով` ուժային կառույցները, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը պետք է ասեն Փաշինյանին վտանգների մասին, բայց չեն ասում։
«Չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են և ենթարկվում են դիկտատուրային։ Հետո էլ այս ամենը, ինչը ներկայացնում են որպես դեմոկրատիա․ ի՞նչ դեմոկրատիա, դեմոկրատիա չկա»,- ասաց Աջապահյանը։
Լրագրողի ճշտող հարցին, թե՝ ուրեմն դատախազը, նախարարը և մյուսները հանցագործնե՞ր են, Աջապահյանը դրական պատասխանեց․ «Այո՛, եթե չեն զգուշացնում՝ հանցագործ են, իհարկե՛»։