Համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա. լրագրողներին չլսող ու նույն բառը կրկնող նախարարի խոսնակի պարզաբանումը
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից։
Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։
Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։
Հիշեցնում ենք, որ նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը որոշել էր իրեն թույլ տալ դասախոսություն կարդալ լրագրողների առաջ, չլսել նրանց հարցերը ու կրկնել «Սահմանադրությամբ» բառը: Եվ առնվազն տարօրինակ է, երբ փոխադարձ հարգանքի և առավել ևս լսելու պատրաստակամության մասին խոսում են այնտեղից, որտեղ նախարար աշխատողը հարցեր լսելու պատրաստ չէ: