Այդ մարդիկ կուսակրոն են՝ հիմա այդ մարդիկ սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե՞ չէ․ չի կարելի քննարկել՝ որ լրագրողը ում հետ է քնում․ Ալեն Սիմոնյան
Էդ մարդիկ ներշնչել են, որ եկեղեցին իրենց դուքյանն ա, որ եկեղեցում իրենք ինչ ուզեն՝ կարող են անել, ինչ հնարավոր է անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ 2018 թ-ից սկսած եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները մշտապես եղել են ու մշտապես իշխանությունը փորձել է դրան չանդրադառնալ:
«ՀՀ-ն պետք է ունենա նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշներին համապատասխանող։ Էդ կաթողիկոսը չի ընտրվելու ՔՊ վարչությունում։ Էդ կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրենց կանոնակարգերում»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ինքը չի թիրախավորում եկեղեցուն։
«Հիմա ես պետական պաշտոնյա եմ, որ ինձ հարց տաք՝ պետականությա՞նն եք թիրախավորում»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը լրագրողին։
Նա նշեց, որ ոչ մեկի գործը չէ, թե ով ինչով է զբաղվում, բայց կուսակրոն եկեղեցականը չպետք է սեքսով զբաղվի։
«Հիմա այդ մարդիկ սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե՞ չեն կարող։ Չի կարելի քննարկել, թե ով ումից է երեխա ունեցել, եթե այդ անձը կուսակրոն չէ։ Չի կարելի քննարկել՝ որ լրագրողը ում հետ է քնում, ումից փող է վերցնում, ես արգելում եմ ընտանեկան ու անձնական կյանք մտնել։ Ես էլ, դու էլ դրա իրավունքը չունենք, բայց մենք խոսում ենք այլ կառույցի մասին, որը հենված է հավատքի ու հարգանքի վրա»,- ասաց ԱԺ նախագահը։