Արցախի մասին խոսելը մեզ համար կամաց-կամաց դառնում է տաբու. Նաթան Սրբազան
Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն կրոնական հարցերով է զբաղվում, այլ նաև կատարում է որոշակի դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է ՀՀ-ի արտաքին շահերի պաշտպանությանը, կարևոր կապող օղակ է հանդիսանում ՀՀ-ում և սփյուռքում, նաև միջազգային իմիջի ամրապնդման դեր ունի։: «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նաթան Սրբազանի խոսքով, Հայ Առաքելական եկեղեցին հատկապես Արցախյան հարցի շուրջ դիվանագիտական բավական մեծ գործ է կատարել բոլոր ատյաններում։
«Այս շրջանում Արցախի հարցը շատ զգայուն է դարձել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Նույն կերպ ռեակցիաներ կան երկու կողմից։ Օրինակ, մայիսին Բեռնում կայացած համաժողովը շատ լուրջ ռեակցիա առաջացրեց ադրբեջանական կողմում, նույն ռեակցիան երևի առաջացրեց Հայաստանում։ Չգիտեմ ինչու՝ Արցախի մասին խոսելը կամաց-կամաց դառնում է տաբու մեզ համար, արգելված ու վնասակար մի բան»,- ասաց Սրբազանը։