Երեկ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց. պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ՀԷՑ-ի պետականացման գործողությունները շատ արագ տեղի կունենան և պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը.
«Եվ այդ կետից սկսած մենք արդեն ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե որ ուղղությամբ ենք գնալու։ Սակայն մի ռազմավարական հարցի շուրջ եմ ուզում խոսել՝ որ ուղղությամբ էլ որ մենք գնանք, պետք է մի իքս պահի ապահովենք ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, այս ամենը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխքի ստանանք, որ ՀՀ քաղաքացիները կարողանան իրենց խնայողությունները ներդնել, բաժնետոմսեր ձեռք բերել»,-ասաց նա։
Փաշինյանը երեկ՝ հունիսի 25-ին, մասնակցել է «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը և արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվել է։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ 70մլն դոլարի ներդրում են կատարել, ինձ այդպես ասացին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,-հավելեց նա։
Փաշինյանը երկու տարբերակ է քննարկում. մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, իսկ մյուսը՝ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի աշխատել։