ԵՊՀ-ում Փաշինյանն ասել է՝ հանձնարարել է տեղեկություններ հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ՝ դիվիդենտներ ստանալու նպատակով. Թաթոյան
«Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, սպառնում է նաև, կա հրապարակված ու չհերքված ինֆորմացիա, որ իրավապահ մարմիններին հանձնարարված է եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել»: Լրագրողների հետ զրուցում ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա հստակեցրել է, որ ԵՊՀ-ում Փաշինյանի հետ հանդիպումից հետո ներկաներն էին հրապարակել ինֆորմացիա, որ հանձնարարել է հատուկ մարմիններին հավաքել տեղեկաություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ դա հավաքագրվել է քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով ինչ-որ մի պահի օգտագործելու համար՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից»,- ասաց Թաթոյանը։
Նրա գնահատմամբ, եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։
«Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Սրանք իրավական գործընթացներ կոչելը դժվար է, դրդապատճառներն ամբողջովին քաղաքական են»,- ասաց Արման Թաթոյանը։