Փաստորեն, հա՛մ դատախազ եք, հա'մ օպերի ֆունկցիա եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին
«Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն, հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում»: ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
Խամոյանը նշեց, որ այս գործն ամբողջությամբ ապօրինի է, քաղաքական։
«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, ենթադրյալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքեր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էինք անում Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոնե չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրինականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։