ՀՀ գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել․ Արծվիկ Մինասյանը` իրեն մեղսագրվող արարքների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կասկածներ ունի՝ իրեն մեղսագրվող բոլոր արարքները, իրավական տեսակետից, ՀՀ գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով:
«Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլև մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն»,- հայտարարեց Մինասյանը:
Նա նշեց, որ որևէ իրավական նորմ դատախազը չի կարող վկակայակոչել, որ խախտվել է:
«Այն բոլոր պնդումները, թե իբր եղել են ձևական, իրականությանը չեն համապատասխանում: Մրցույթն իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հայտարարությանը, թե Արծվիկ Մինասյանը գիտեր, որ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Սուտ: Ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե՞ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից»: