Արժեզրկել եք ԵՊՀ ռեկտորի համբավն ու հեղինակությունը․ բաց նամակ՝ Հովհաննես Հովհաննիսյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Դուք կրկին ստորագրել եք մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը, ցավոք, չեք հասկացել (այդպիսի դեպքեր էլի են եղել, ԵՊՀ գիտական խորհրդի անդամները կհիշեն): 2025 թ. հուլիսի 9-ին Դուք մեր ողջ ստորաբաժանմանը ծանուցել եք, որ հուլիսի 11-ից (ծանուցումը ստանալուց հետո 2 օր) լուծվում է մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ հղում անելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Երևի կարդացել ու չեք հասկացել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, որին հղում եք արել («սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»), սակայն առաջնորդվել եք նույն հոդվածի ոչ թե առաջին, այլ 2-րդ մասով: Սա էլ գիտեմ ինչպես է ստացվել: Վերջին պահին Ձեզ ստիպել են փոխել պայմանագրի լուծման ժամկետները, որը և արել եք, բայց չեք փոխել հոդվածի կետը: Հղում եք արել մի դատական ակտի, որով չի նշվում որևէ իմպերատիվ նորմ մեր ստորաբաժանման աշխատակիցներին՝ այդ թվում՝ ինձ, աշխատանքից ազատելու: Հղում եք արել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թ. հուլիսի 20-ի թիվ 57 որոշմանը, բայց մոռացել, որ 2022, 2023, 2024 թվականներին նույն խորհուրդը հաստատել է ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ հաստատելով նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում լինելու հանգամանքը: Հետևաբար Ձեր նշած բոլոր հղումները փուչ են: Եթե Դուք գրեիք ավարտական աշխատանք և նման հղումներ դնեիք, հավանաբար հանձնաժողովը Ձեզ անբավարար կնշանակեր:
Գործընթացը Ձեր նախաձեռնությամբ չի իրականացվում, ուղղորդվում է դրսից:
Դուք 106-ամյա ԵՊՀ ռեկտորն եք (դեռ) և եթե այս միտքը պարբերաբար ունենում եք, ուրեմն ցավում եմ, Դուք այդպես էլ չեք դարձել ԵՊՀ ռեկտոր: ԵՊՀ ռեկտորին չեն կարող ստիպել որևէ բան: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին պետական պաշտոնյաններն զգուշությամբ են մտել Մայր բուհ, զգուշությամբ են խոսել Համալսարանականների մասին: Ու եթե հիմա որևէ բան «ստիպում» են ԵՊՀ ռեկտորին, ապա դրա մեղավորը ևս Դուք եք. արժեզրկել եք ԵՊՀ ռեկտորի համբավն ու հեղինակությունը: Ես չգիտեմ, թե ինչ կոմպրոմատներ ունեն Ձեր դեմ, որ կարողանում են հասնել այն ամենին, ինչ ուզում են, բայց հիշեք, որ նույնսիկ բոլոր հանձնարարականները բարձր ճշգրտությամբ կատարելու դեպքում՝ նրանք Ձեր հետևից գալու են (տե՛ս Տոնոյան, Աղազարյան, Փիլոյան, ուժային կառույցների նախկին ղեկավարներ, նախարարներ և շատ ուրիշներ):
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն աշխատել է հազարավոր ուսանողների հետ, հեղինակել ու կազմակերպել հարյուրավոր նախագծեր ու ծրագրեր, որոնք բարձրացրել են ԵՊՀ համբավն ու հեղինակությունը, ակտիվացրել ուսանողական կյանքը, դաստիարակել ուսանողներին, ստեղծել կապ Արցախի հետ: Դրանց իրականացման մեծ մասի ընթացքում չեմ հանդիսացել ԵՊՀ աշխատակից և աշխատել եմ կամավոր հիմունքներով: Հիմա Դուք ազատում եք մեր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին, բայց չեք կարող ջնջել պատմությունը, որովհետև այն անջնջելի է: Անջնջնելի են նաև այն ամոթալի օրերը, որն ապրում է ԵՊՀ-ն՝ Ձեր ձեռամբ:
Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն:
Ես 27 տարեկան եմ, վստահաբար կգա ժամանակ, որ ես նորից կվերադառնամ ԵՊՀ՝ աշխատակցի կարգավիճակով, իսկ Դո՞ւք …
Վստահ եմ, որ հիմա այս նամակը կարդում եք Ձեր մերձավոր շրջապատի հետ, և նրանցից էլի լսում, որ Խաչիկը միանշանակ ճիշտ է ասում:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ,