Ուզում եք ասել, որ կարող են ինձ նզովե՞լ, ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ինքն արշավ չի իրականացնում եկեղեցու դեմ։
«Եկեղեցին ինձ համար սրբություն է, սրբություն է իմ ընտանիքի համար, հետևաբար, մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ, այն, ինչ անում ենք մենք, հանուն եկեղեցու է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։
Փաշինյանը համոզված է, թե իր օրակարգը կիսում են բազմաթիվ մարդիկ։
Հարցին՝ Աստծու նզովքից չի՞ վախենում՝ նա արձագանքեց. «Իսկ որտեղի՞ց տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ, գուցե, նզովել ու նզովում է նրանց, ովքեր պղծո՞ւմ են Աստծո տունը։ Ինչպե՞ս կարող է Աստված նզովել նրանց, ովքեր հետևում են իրեն ու ինչպե՞ս կարող է չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքներն ու իր եկեղեցին»,- ասաց Փաշինյանը։ Նա նզովքի վերաբերյալ հայտարարությանն արձագանքեց Սաղմոսով։ Նա վստահեցրեց, թե ինքը 30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար ծոմապահության մեջ է։
«Դուք ուզում եք ասել, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ կարող են ինձ նզովե՞լ, ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում, ես ասել եմ՝ առաջնորդելու եմ Վեհարանն իրենցից ազատելու գործընթացը, նզովքի կարիք չկա»,- ասաց Փաշինյանը։