«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Ադիլխան Երժանովին
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվել է Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։
«Ամեն տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մենք հանձնում ենք այս մրցանակը՝ հարգանքի տուրք մատուցելով այն վարպետներին, որոնք մեզ հետ են այստեղ։ Այս տարի մենք մրցանակը հանձնում ենք մի կինոարվեստագետի, ով հիացրել է մեզ և մենք հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,-նշել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Ոսկե ծիրան» փառատոնից հայտնում են, որ մրցանակն Ադիլխան Երժանովին հանձնել է Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։
«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետոզոտական ինստիտուտ է, և առաջին հայացքից կինոյի հետ կապն այդքան ամուր չէ, բայց կինոյին և Մատենադարանին կապում է իրենց երկուսի՝ ազգային և համամարդկային լինելը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան։ Եվ ով գիտի՝ գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որևէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,-նշել է Վահե Թորոսյանը։