Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն․ «Հետք»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։ Հայտնում է «Հետք»-ը։
Պատգամավորից բացի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, (Հախվերդյանը) 19 և 21-ամյա որդիները, անչափահաս դուստրը, հայրն ու մայրը՝ Անդրանիկ և Ժաննա Գևորգյանները։
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձինք ուսումնասիրության նյութերին ծանոթանալուց հետո կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում։
Հիշեցնենք, որ 2021թ․ մայիսին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4 մլրդ 921 մլն 302 հազ․ դրամ։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի այդ, նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ՝ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։