Արամ Սարգսյանին փորձել են սպանել մարտական ձեռքի նռնակով․ ՔԿ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025-ի հուլիսին նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը:
Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Արամ Սարգսյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանությունը նախապատրաստելու նպատակով, չպարզված հանգամանքներում դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
Քննությամբ պարզվել է, որ Ս.Ս.-ն, չկարողանալով պարզել Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել նրա երևանյան գրասենյակը և մի քանի անգամ այցելել է տարածք։ Սարգսյանի՝ գրասենյակում չլինելու պատճառով հանցանքի կատարումը չի իրականացվել։
Մարտական նռնակը հայտնաբերվել է Ս.Ս.-ի բնակարանում՝ ԱԱԾ-ի և իրավապահ մարմինների համատեղ խուզարկության ընթացքում։
Ս.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառություն)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։