Մեր արժանապատիվ և անվտանգ վերադարձը պետք է դառնա բանակցությունների թեմա. Շահրամանյան
Մեր հայրենիք, ծննդավայր վերադառնալու հարցը մեր իրավունքն է, և մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվել. Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ, Արցախի անկախության օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, իր տուն, իր գերեզմաններ, իր սրբությունների մոտ։ Դա մեր համար փակ թեմա չէ, և պետք է այս հարցի շուրջ հնարավորություն ստեղծվի բանակցություններ իրականացնելու համար»,– ասաց նա։
Շահրամանյանը հիշեցրեց, որ Շվեյցարիայի խորհրդարանը նախաձեռնել է նման հնարավորություն։ «Հույս ունենք, որ այդ հնարավորությունից մենք կօգտվենք։ Բացի այդ, այլ միջազգային տերություններ, տեսնելով ավելի քան 100 000 արցախցիների բռնի տեղահանումը, նույնպես կարող են նախաձեռնել նման հնարավորություն, և կքննարկվի մեր արժանապատիվ ու անվտանգ վերադարձը հայրենիք»,– ասաց նա։