Մատենադարանի նոր ձեռքբերումը 17-18-րդ դարերի Ձեռաց Մաշտոցն է
Մատենադարանի նոր ձեռքբերումը 17-18-րդ դարերի Մաշտոց է, որն աչքի է ընկնում կանոնների բազմազանությամբ։
Այս Ձեռաց Մաշտոցը պարունակում է հիմնական գործածական գրեթե բոլոր կանոնները՝ «Կանոն մկրտութեան», «Վասն նշան աւրհնելոյ», «Կանոն պսակի», «Վասն պսակ վերացուցանելոյ», «Վասն հաղորդ տալոյ», «Վասն տղայաթաղի», «Վասն աշխարաթաղի», «Վասն հոգեհանգիստ առնելոյ», «Վասն ջրաւրհնէքի» և այլն։ Այս Մաշտոցն աչքի է ընկնում նրանով, որ բովանդակում է քիչ հանդիպող կանոններ։
Ձեռագիր մատյանը վերջում ունի նաև «Վասն աղաւթք հիւանդի», «Աւետարան բժշկության», «Վասն գանձ մեռելոց», Գրիգոր Տաթևացու «Տաղ ննջեցելոց» միավորները։
Այս Ձեռաց Մաշտոց ծիսական ժողովածուն կարևոր նշանակություն ունի ոչ միայն որպես հերթական ձեռագրական արժեք և միավոր, այլև հետաքրքրություն է ներկայացնում գիտական տեսանկյունից այն առումով, թե ինչ զարգացման են ենթարկվել ծիսական կանոնները դարերի ընթացքում, տվյալ ժամանակաշրջանում հատկապես որ կանոններն են առավել տարածված և գործածական եղել։