Հրազդանում բացվում է նոր կամերային թատրոն (լուսանկարներ)
Սեպտեմբերի 10-ին Հրազդանում իր դռները կբացի նորաստեղծ կամերային թատրոնը։ Թատրոնի բացումը կնշանավորվի Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի հիման վրա բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ։ Բեմադրության ռեժիսոր Արմեն Մարգարյանը, ով պատմեց, որ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ․ «Այն ինձ գերել է անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ ու անսահման երևակայելու հնարավորությամբ։ «Շտապիր սիրել»-ը բացարձակ սիրո մասին է, որը կոտրում է կարծրատիպերը և չի ճանաչում սահմաններ»։
Ներկայացման դերակատարներն են Էլեն Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը և Անդրանիկ Անտոնյանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման պրոդյուսեր Շահեն Փանոսյանը ընդգծեց, որ կամերային թատրոն ունենալը Հրազդանում տարիներ շարունակ իր և շատերի երազանքն էր. «Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է լինի կամերային թատրոն։ Այժմ այդ երազանքը իրականություն է դարձել։ Թատրոնը տեղակայված է Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում, որը թատերական ուղղվածությամբ հայտնի կրթօջախ է։ Այստեղ են սովորել Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գյուլումյանը, նաև ես և կինս։ Բնական էր, որ այս դպրոցում պետք է ծնվեր կամերային թատրոն։ Ժամանակը հասունացել էր, և առաջին ներկայացմամբ էլ մեկնարկում է թատրոնի գործունեությունը»։