Ադրբեջանը ցանկանում է ձևավորել հայի կերպար, որն իրենց համար սպառնալիք է ներկայացնում․ Սեյրան Օհանյան
Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է վարում ու ցանկանում է ձևավորել հայի կերպար, որն իրենց համար սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկատվությանը, թե Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։
Նշվում է, որ նա, իբր, ձեռքի երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Հրապարակվել են կադրեր, որտեղ նա պարզապես շրջում է քաղաքում. որոշ կադրերում նրա ձեռքին պայուսակ է նկատվում։
Ադրբեջանական մամուլը գրում է նաև, որ ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել․ վիրավորվել է նաև Կարեն Ավանեսյանը:
«Սա ուղղված է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին։ Ներքին լսարանի համար ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորում է հայի կերպար, որը իրենց համար դեռևս սպառնալիք է պարունակում։ Նաև դա ուղղված է մեզ, մեր հանրությանը, ցույց տալու համար, որ իրենց հռետորաբանությունը, ռազմական նպատակները չեն ավարտվել և շարունակվելու են»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Ստեփանակերտում հայազգի Կարեն Ավանեսյանը փորձել է «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով մոտենալ միջոցառման անցկացման վայր, բայց ձերբակալվել է։