Եվլախում ես երբևիցե չեմ եղել և փաստաթուղթ չի ստորագրվել․ պատմության դասագրքում կեղծիքներ են տեղ գտել, իրավական ճանապարհով դրանք վիճարկում ենք․ Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, հակադարձելով Հայաստանի իշխանությունների մեղադրանքներին, ևս մեկ անգամ պնդում է՝ Եվլախում ինքը երբևիցե չի եղել, և այնտեղ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Նրա խոսքով, քննարկման հարցերը եղել են միայն ու միայն հումանիտար բնույթի։
«Տարածվող խոսակցությունները կեղծիք են»,- ասաց Շահրամանյանը։
Անդրադառնալով 9-րդ դասարանի Հայաստանի պատմության դասագրքում տեղ գտած տեղեկություններին` նա պնդեց, որ դա կեղծիք է։
«Տեղյակ եք, որ հիմա էլ 9–րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում կեղծիքներ են տեղ գտել։ Մենք իրավական ճանապարհով դրանք վիճարկում ենք։ Մենք դատական նիստի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները: Այդտեղ պետք է արտացոլված լինի իրականությունը»,-ասաց Շահրամանյանը։