Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է և արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Գլխավորն այն է՝ ունենք զեկույց, և շատ կարևոր է այն ներկայացնել լիագումար նիստին։ Զեկույցը պետք է ունենա հետևանք, որպեսզի դասեր քաղենք այն իրողություններից, որոնց մենք առնչվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում», - ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, քննիչ հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակում․ «Քննիչ հանձնաժողովը իր զեկույցը ուղարկել է ԱԺ նախագահին՝ Կանոնակարգ օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների պահանջով։Հիմա որոշները փորձում են ներկայացնել, թե մենք ժամկետ ենք խախտել, բայց դա թյուր պատկերացում է»։
Քոչարյանը հատուկ ընդգծեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ որևէ խնդիր չունի։
«Ես պարոն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ։ Պարոն Սիմոնյանը ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ։ Մեր հարաբերությունները, բացի ընկերականից, ունեն խիստ գործընկերային բնույթ, որը բխում է Կանոնակարգ օրենքից»,-ասաց Քոչարյանը։
Նա հորդորեց խարդավանքներ չփնտրել․ «Այստեղ խարդավանքներ մի փորձեք ման գալ․ արդեն բազմաթիվ փորձեր եղել են և միշտ անհաջողությամբ են ավարտվել»։