Արթուր Սաքունցը դժգոհ է կառավարության հետ համագործակցությունից
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դժգոհ է կառավարության հետ համագործակցությունից: «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում նա այդ մասին ասաց Նիկոլ Փաշինյանին, ով ևս մասնակցում էր ֆորումին և իր տեղն էր զբաղեցնում հենց Սաքունցի կողքին։
Վերջինս էլ, օգտվելով առիթից, իր բողոքները ներկայացրեց Փաշինյանին։
«Առաջարկություններ ենք ներկայացնում շատ ժամանակ, որոնք հաշվի չեն առնվում կամ հաշվի են առնվում ըստ քաղաքական նպատակահարմարության։ Էլ չեմ խոսում խոշտանգման հետ կապված դեպքերը փոխանցվեց Քննչական կոմիտեին։ Բազմիցս ասել ենք, որ խոշտանգումների գործերով պետք է լինի առանձին քննության ինստիտուտ։ Քաղհասարակության կարծիքը հաշվի չի առնվել։ Սա օդից վերցված կարծիք չէ»,-ասաց Սաքունցը։
Մեկ այլ օրինակ էլ նա նշեց, երբ Քրեական դատավարության օրենսգրքում արված այն փոփոխությանը, որ տուժողի ներկայացուցիչն անպայման պետք է լինի փաստաբան, մինչդեռ նախկինում կարող էր լինել ոչ փաստաբան։
«Դա հիմնարար հարցերից մեկն էր։ Այդ հնարավորությունը հանվեց Քրեական դատավարության օրենսգրքից։ Սա էլ քաղհասարակության հետ չի քննարկվել»,-ասաց Սաքունցը։