Արցախից տեղահանված քաղաքացին դիմում է Արա Աբրահամյանին
Օկուպացված Արցախից բռնի տեղահանված Մարատ Օհանջանյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։
Նա մասնավորեպես գրել է․
«Հարգելի Արա Աբրահամյան
Ես Մարատ Օհանջանյանն եմ՝ տեղահանված Արցախից։ Ընտանիքիս հետ վարձով բնակվում եմ Մուշավանում, խնամքիս ունեմ 4 անչափահաս երեխա։
Տեղահանությունից հետո այստեղ գտել եմ աշխատանք, որով հոգում էի բազմանդամ ընտանիքիս հոգսերը։
Ցավոք, դժբախտ պատահարի արդյունքում ժամանակավոր դարձել եմ անգործունակ, միաժամանակ այս պահի դրությամբ ունեմ վարկեր մի քանի բանկերում, որոնց վճարումները մինչ այս միշտ կատարել եմ ժամանակին։
Որպեսզի անաշխատունակության պատճառով բանկերում ուշացումներս հարգելի համարեն՝ վարկային արձակուրդի համար խնդրանքով դիմել եմ «Յունի բանկ»-ին, «Արցախբանկ»-ին, «Global credit» վարկային կազմակերպությանը։ Սակայն ստացել եմ մերժում։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ այս դժվարին պահին ընտանիքիս կողքին լինելու և ֆինանսապես օգնելու համար։
Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար՝ մինչև ոտքի կանգնելս։
Կանխավ՝ շնորհակալություն։
Դիմող՝ Մարատ Օհանջանյան»