3-4 ամիս տնտեսվարողների հետ բանակցություններ են ընթանում․ քաղաքապետարանի աշխատակիցը՝ Գնունու շուկայի ապամոնտաժման մասին
Գնունու փողոցում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
«3-4 ամիս տնտեսվարողների հետ բանակցություններ են ընթանում։ Բոլորի հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին։ Իրենց խնդրանքն է բավարարվել, որ ժամանակ ու հնարավորություն տրվի մինչև սեպտեմբերի 30-ը, որպեսզի կրպակները դատարկեն, տեղափոխեն»,-ասաց նա։
Անդրադառնալով այն բողոքներին, թե քանդված կրպակներում մարդկանց ապրանքն է մնացել, քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքեց՝ նման դեպք չի եղել։
«Տնտեսվարողները տեղյակ են եղել։ Դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետները լրացել են, սակայն կոմիտեի հետ պայմանագրերը դեռ լուծված չեն։ Դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ ընթացքում կբերվի օրենքի դաշտ։ Սա հանրության պահանջն է, մայթին կրպակները խոչընդոտում են երթևեկությանը, նաև հետիոտնի անցուդարձին»,-ասաց վարչության պետը։
Նրա խոսքով, նույն տարածքում գործող շուկայի հարցն էլ քննարկվում է, սակայն դեռ որոշում չկա։