Ով Աստծո սուրբ նշան, լուսավորիր մանկանը քո լույսով․ Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից պահված խաչքարը
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել․
«Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Աթոռ տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ:
Խաչքարը թվագրվում է 1602 թվականին, վարպետ Գրիգորի աշխատանքն է: Ոչնչացումից փրկվել է Վազգեն Ա կաթողիկոսի ջանքերով: Այն հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:
Խաչքարի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա: Զգալիորեն վնասված է աջ եզրագոտու մեծ մասը։ Պահպանվել է խաչքարի հիմքը: Քիվի վրայի արձանագրությունը ընթեռնելի է. «Ո՜վ սուրբ նշան դու Աստուծոյ , ԶԽերխարն լուսովդ պայծառեցոյ» («Ով՜, Աստծո սուրբ նշան, լուսավորիր մանկանը քո լույսով»։)»: