Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍՆ-ն, ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Դեմոյան
Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նման համոզմունք է հայտնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա թվարկում է դրվագները.
1. Առանց հաստատված նախագծի շինարարական կազմակերպությանը քանդման աշխատանքներ իրականացնելու թույլատվություն: Պատասխանատու անձ՝ նախագծի պատվիրատու ՀՑԹԻ տնօրեն՝ Էդիտա Գզոյան
2. Օրենքի կոպիտ խախտումներով հանրապետական նշանակության հուշարձանի ձևախեղում և դրա պատմականության ու բնօրինակ մասերի ոչնչացում (Պատասխանատու՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան)
3. Նախագծով նախատեսված ապամոնտաժման աշխատանքների փոխարեն վայրագ եղանակով իրականացված քանդման աշխատանքների նկատմամբ վերահսկողության լիակատար բացակայություն (Պատասխանատուներ՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան)։
Ավելի վաղ «Արթուր Թարխանյան» կենտրոնը գրել էր, որ Հայոց ցեղասպանության հուշարձանի երեք մույթերի հսկայական քարերն արդեն իսկ ապամոնտաժվել են, քանդվել են դեպի հավերժության կրակ տանող 3 բազալտե աստիճանները և պատրաստվում են փորել 4 մ խորությամբ, 3 մ լայնությամբ խրամատ։