Յուրաքանչյուր մանրուք մշակվել է Հայաստանի պատմությունն ու ոգին պատվելու համար. «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է քննադատություններին
Թաիլանդում անցկացված «Միսս Տիեզերք 2025» մրցույթին Հայաստանը ներկայացրել է հայկական ծագմամբ ամերիկացի մոդել Փեգի Գարաբեկյանը: Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Փեգի զգեստներից մեկը՝ «հայկական խորհրդանշաններով հայկական տարազը»։
Էմմա Մարաշլյանը գրել է.
«Չեմ կարող չնշել մի երևույթ, որը վերջին տարիներին հաճախ եմ նկատում։ Երբ խոսքը վերաբերում է «ազգային» հագուստ ստեղծելուն, կարծես տարածվել է մի սխալ պատկերացում, թե բավական է վերցնել բոլոր հնարավոր խորհրդանիշները - եռագույն, Գառնիի տաճար, անմոռուկ, թագ, խաչ, հայկական տառեր, հնագույն պատկերներ - և դրանք մեկընդմեջ դասավորել մի ու նույն հագուստի վրա։
Բայց այս մոտեցումը ոչ թե արժեք է ստեղծում, այլ վերածում է հագուստը սիմվոլների խառնաշփոթ հավաքածուի, որտեղ կորում են գաղափարը, պատմությունը և ամենակարևորը՝ գեղագիտությունը։ Այսպես ասեմ «աջաբսանդալ»:
Ազգային տարազը ցուցափեղկ չէ։
Այն պատմություն է՝ արտահայտված ձևի մեջ, կտորի որակում, գծի մաքրության մեջ, գույնի ներդաշնակ համադրության մեջ։
Հագուստը պետք է կրի մշակույթի լեզուն նույնիսկ առանց որևէ խորհրդանշի, եթե ձևը և գաղափարը ճիշտ են մտածված։
Սիմվոլները արժեք են, երբ տեղում են, երբ ունեն արդարացված ներկայություն։
Երբ դրանք պարզապես լցվում են կտորի վրա՝ առանց չափի ու միտքի, արդյունքը դառնում է ոչ թե հարգանք ազգայինի հանդեպ, այլ խառը ձևավորում՝ առանց խորքի։
Առաջին նկարում հագուստի հեղինակ Կրիկոր Յաբոթյան: Ախթամար հավաքածուն է:
Մյուս նկարի ներկայացված հագուստի հեղինակին չեմ ճանաչում: Դե չեմ ճանաչում...»։