ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է «ադրբեջանական» գորգերի ցուցադրություն
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է յասպես կոչված «Երկրորդ կյանք ադրբեջանական գորգերի համար» ցուցահանդեսը։ ԱՄՆ-ի զեկույցների բյուրոյի տվյալներով՝ ցուցահանդեսը կազմակերպվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության և Ադրբեջանի արվեստի խորհրդի կողմից։
Միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ և համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը վարել է մշտական ներկայացուցչության խորհրդական Վադիմ Գուսմանը։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիգ Մուսաևը նշել է, որ «Ինքնիշխանության և սահմանադրության տարվա» շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը ցուցադրում է երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, մասնավորապես՝ գորգագործության ավանդույթի խորը պատմական արմատները։
Հավելենք, որ հատկապես 44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում Արցախի գորգերը ներկայացնում է իբրև ադրբեջանական մշակույթ կամ գորգագործության նմուշներ: