Վանաձորի ԲՈՀԵՄ Կամերային Թատրոնը փոքրիկ հանդիսատեսին կներկայացնի «Ձնեմարդու ամանորյա արկածները» (լուսանկարներ)
Հերթական անգամ Վանաձորի ԲՈՀԵՄ Կամերային Թատրոնը տոնական տրամադրություն է պարգևում Վանաձոր քաղաքի փոքրիկ հանդիսատեսին։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին, ամեն օր 3 ցուցադրությամբ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսատեսին կներկայացվի գունեղ, երաժշտական և հեքիաթային ներկայացում՝ «Ձնեմարդու ամանորյա արկածները»։
Ներկայացումը լի է ամանորյա կախարդանքով, հետաքրքիր արկածներով և ուսուցողական ուղերձներով։
Բեմադրությունը Հերիքնազ Բաղդասարյանինն է։
Հեքիաթը բարու և չարի հավերժական պայքարի մասին է։
Չար գայլն ու ագռավը գողանում են Ձյունիկի ամանորյա նվերները և, շարունակելով իրենց չարագործությունները, ներխուժում են նապաստակների ընտանիք՝ առևանգելով նաև նրանց ձագերին։ Չար ուժերը չեն խորշում ոչնչացնել անգամ Ձնեմարդուն՝ ամբողջությամբ քանդելով նրան, որպեսզի նա չկարողանա Ձմեռ Պապին պատմել տեղի ունեցածի մասին։ Սակայն հեքիաթում, ինչպես միշտ, բարին պայքարում է մինչև վերջ՝ հիշեցնելով փոքրիկներին ընկերության, համախմբվածության, ազնվության և արդարության կարևորության մասին։
Վանաձորի ԲՈՀԵՄ Կամերային Թատրոնը սիրով հրավիրում է երեխաներին և նրանց ծնողներին միասին ապրելու ամանորյա այս հեքիաթային արկածը՝ լի երաժշտությամբ, գույներով և ջերմ զգացմունքներով։