«Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. ԲԱՑԱՌԻԿ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ Սեւանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից մի քանիսը պետք է հողին հավասարեցվեն։ Հայտարարությունը հնչեց վճռական, սակայն դրան հետեւած գործողությունները կրկին հարցեր առաջացրին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ գրել էր, որ Սեւանա լճի եւ հարակից տարածքներում առկա են շուրջ 3800 ապօրինի եւ քանդման ենթակա շենք-շինություններ։ Սակայն երեկ իրականում քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակ՝ մետաղական, ակնհայտորեն անպիտան կառույցներ։
«Ժողովուրդ»-ը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ «Հարսնաքար» համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ, իսկ հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ՝ այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ, Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւս նպատակ կա պետականացնելու եւ դարձնելու որեւէ մանկական կամ կրթական կենտրոն։
Ստացվում է հետաքրքիր, բայց վտանգավոր տրամաբանություն. ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, քանի դեռ պատկանում է «նախկիններին»։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը «վերածվում» է օրինականության։
Սեւանի շուրջ ձեւավորվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության պատկեր. մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձեւակերպվում» է պետական շահի անվան տակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: