«Նաիրի» կինոթատրոնը 5 տարվա դադարից հետո վերաբացվել է․ այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում
«Պատմական պահ է։ Տարիներ ի վեր «Նաիրի» կինոթատրոնում մշակութային գործունեություն չկար, այսօր մասնավորի ջանքերի միջոցով սկսում է իր գործունեությունը»,- կինոթատրոնի վերագործարկումն ազդադարող ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նա նշեց, որ Հայաստանում կինոդահլիճների պակաս կար։
«Դահլիճների միջոցով հասարակություն-հանդիսատես-կինո կապն ամրապնդվում է»,- ասաց Դանիելյանը։
«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանն ասաց, որ ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում «Նաիրի» կինոթատրոնը։ Նա տեղեկացրեց, որ կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով և արդեն ընդունում է հանդիսատես։
Լ.Թամրազյանն ասաց, որ շենքում տարածք վարձակալած կազմակերպությունները ժամանակի ընթացքում հանձնելու են իրենց տարածքները և շենքն ամբողջությամբ ծառայելու է իրենց։
«Ամեն ինչ անում ենք շենքն ամբողջովին, ինչպես նախատեսված է, ծառայի մշակույթին»,- նշեց նա։