Թբիլիսիի փողոցներից մեկը հնարավոր է կոչվի Շառլ Ազնավուրի անունով
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցեկ են Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ՝ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը ապագայում է՛լ ավելի կխորանա։ Հանդիպմանը քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանի հետ արմատներով կապված, ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ Թբիլիսիի փողոցներից մեկն անվանակոչելու հարցը։
Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը։
Նշենք, որ Ազնավուրի հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: