Մինչեւ 2020 թ. առաջարկվել է հանձնել 5 շրջան` առանց պատերազմի․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
Կապանում` նախընտրական քարոզարշավի ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել. «2021-ին մեզնից ակնկալում էին մեր տարածքով անցնել, մեզնից ակնկալում էին միջանցք։ Էս «միջանցք» բառը, ընդ որում, շատ դրական իմաստ ունի․ բոլորը փորձում են գտնել, կառուցել տրանսպորտային միջանցքներ։ Ամբողջ դժբախտությունն ու վտանգն այն էր, որ մեզնից ակնկալում էին ոչ էդպիսի տրանսպորտային միջանցք։
Մեզնից պահանջում էին միջանցք, որը, օրինակ, ցանցերով փակված եւ առանձնացված կլինի ամբողջ երկայնքով, ենթադրենք՝ երկաթուղու, եւ առանձնացված կլինի Հայաստանի Հանրապետության մյուս տարածքից։ Մեզնից պահանջում, ակնկալում էին միջանցք, որի ամբողջ երկայնքով երրորդ երկրի զինվորներ շարված կլինեին։ Դե, անվանապես կարող էր շարունակվել համարվել Հայաստանի Հանրապետություն, բայց դե՝ բոլորս էլ հասկանում ենք դրա իրական էությունը։ Այսօր, հինգ տարի անց, մենք չենք խոսում միջանցքի մասին, մենք ունենք ապաշրջափակում։ Ընդ որում, բոլոր ենթակառուցվածքները շարունակվելու են մնալ մեր ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Եվ խոսք չկա որեւէ երրորդ երկրի զինվորների կամ այլ անվտանգային վերահսկողության մասին։ Եթե ձեզ որեւէ մեկն ասի, թե միջանցք կա, դա բացարձակապես սուտ է։ Այսպիսի հայտարարությունը գրոշի արժեք ունենալ չի կարող»։
Բացի այդ, նա նաեւ ասել է, որ մեր վերահսկողության տակ դեռ ադրբեջանական տարածքներ կան, ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ` հայկական տարածքներ: