Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ ի՞նչ միլիոններ է հայտարարագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
շ«ՀՀ վարչական դատարանի նախագահի՝ Կարեն Զարիկյանի հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի արդյունքում, ըստ ներկայացված իրավական գնահատականների, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը դուրս է եկել Արցախի տնօրինման շրջանակից։
Դատավարական գործընթացի ընթացքում, ինչպես նշում է իրավաբան Ռոման Երիցյանը, դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր շահերը ուղղակիորեն պաշտպանելու հնարավորությունից։ Երիցյանն այս որոշումը որակել է որպես անհիմն և աբսուրդային՝ հայտարարելով, որ պատրաստվում է այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վարչական դատարանի նախագահը տվյալ գործով եղել է Կարեն Զարիկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ի՞նչ եկամուտներ ունի դատավորը, որի որոշմամբ տեղի է ունեցել վիճահարույց դատական ակտը։
2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի հայտարարագրի՝ նա 1 տարում 2 բնակարան է ձեռք բերել Երևանում՝ մեկը՝ Աջափնյակում, ձեռք բերված հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ համատեղ սեփականությամբ, և մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանում՝ ձեռք բերված 2019 թվականի ապրիլի 23-ին։ Նույն հասցեով առկա է նաև ավտոկայանատեղի՝ համատեղ սեփականությամբ:
Տրանսպորտային միջոցների շարքում նշված է 2020 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականի մայիսի 23-ին, սակայն նույն տարվա ընթացքում օտարվել է 3 միլիոն 850 հազար դրամով։ Հայտարարագրված է նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետվող HONDA 2023 թվականի արտադրության մեքենա։
Ֆինանսական միջոցների մասով հայտարարագրում նշված է 25 միլիոն դրամի բանկային ավանդ, ինչպես նաև տարբեր բանկային հաշիվների մնացորդներ՝ 1 միլիոն 122 հազար 780 դրամ, 170 հազար 172 դրամ և 131 ԱՄՆ դոլար, ինչպես նաև կանխիկ միջոցներ՝ 3 միլիոն 700 հազար դրամ, 1 700 ԱՄՆ դոլար և 9 հազար եվրո։
Առավել ուշադրության են արժանի Զարիկյանի եկամուտները։
Վարկեր է ստացել ԱԿԲԱ Լիզինգից՝ 8 միլիոն 244 հազար դրամ և Ֆասթբանկից՝ 19 միլիոն 920 հազար 600 դրամ։
Գույքի օտարումից եկամուտ է ստացել Գևորգ Քարամյանից՝ 3 միլիոն 850 հազար դրամ։
Ապահովագրական հատուցում ստացել է Լիգա Ինշուրանսից՝ 1 միլիոն 800 հազար դրամ։
Եկամտային հարկի վերադարձ ստացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ 2 միլիոն 290 հազար 553 դրամ։
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ է ստացել Եվրոպայի խորհրդից՝ 427 եվրո, «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունից՝ 3 միլիոն 795 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից՝ 83 հազար 625 դրամ։
Ընդհանուր եկամուտը կազմել է 62 միլիոն 851 հազար 576 դրամ։
Զարիկյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորվել է մի քանի աղբյուրներից։
Նա ունի նաև երկրորդ վարկային պարտավորություն՝ բնակարան և ավտոկայանատեղի ապահովմամբ, որի մայր գումարի մնացորդը կազմում է 22 միլիոն 104 հազար 994 դրամ։
Բացի այդ, առկա է ևս մեկ վարկ՝ 2 միլիոն 510 հազար 102 դրամ մայր գումարի մնացորդով։
Հայտարարագրի համաձայն՝ նրա ծախսերը կազմվել են մի քանի ուղղություններով։ Ուսման կամ այլ դասընթացների համար կատարված վճարները կազմել են 3 միլիոն 268 հազար 400 դրամ։ Վարկերի մարմանը ուղղված վճարները կազմել են 9 միլիոն 363 հազար 555 դրամ, իսկ 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսերը՝ 2 միլիոն 113 հազար 400 դրամ։
Հանգստի, ճանապարհածախսի, գույքի վարձակալության, գյուղատնտեսական գործունեության, գույքի վերանորոգման, ինչպես նաև նվիրատվությունների կամ օգնության վերաբերյալ ծախսեր չեն արձանագրվել։
Նա ընդգրկված է նաև «ԷՅ ՔԵՅ ԶԵԹ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարման գործընթացում, որը իրականացվում է պայմանագրով մինչև 2039 թվականի դեկտեմբերի 31-ը։
Բացի այդ, նա հանդիսանում է ՀՀ Դատավորների միության անդամ և «Վարչական իրավունքի գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ։
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Կարեն Զարիկյանը տարեսկզբում ունեցել է NISSAN մակնիշի 2013 թվականի արտադրության մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականի մարտի 15–ին և օտարվել է նույն տարվա մայիսի 23-ին՝ 3 միլիոն դրամով։
Տարվա ընթացքում նա ձեռք է բերել JEEP մակնիշի 2020 թվականի արտադրության մարդատար ավտոմեքենա՝ 2023 թվականի մայիսի 23-ին, որը գնվել է «Աուտոմոստ» ՍՊԸ-ից՝ 5 միլիոն 941 հազար դրամով։
Հայտարարագրի համաձայն՝ Կարեն Զարիկյանի կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 6 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 15 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 1 հազար 700 ԱՄՆ դոլար, 3 միլիոն 700 հազար դրամ և 11 հազար եվրո։
Հաշվետու տարվա տվյալներով՝ Զարիկյանի եկամուտները ձևավորվել են մի քանի աղբյուրներից։
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ է ստացել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից՝ 10 միլիոն 854 հազար 275 դրամ, Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանից՝ 1 միլիոն 639 հազար 694 դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 109 հազար 621 դրամ, «Արդարադատության ակադեմիայից»՝ 2 միլիոն 118 հազար 197 դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից՝ 88 հազար 500 դրամ։
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից՝ 123 հազար դրամ և «Արդարադատության ակադեմիայից»՝ 20 հազար դրամ։
Ինչ վերաբերում է վարկերին և փոխառություններին, ապա նրա վարկային պարտավորությունները կազմել են երկու հիպոթեքային վարկ՝ 15 միլիոն 684 հազար 425 դրամ և 23 միլիոն 31 հազար 186 դրամ, որոնց ընդհանուր մայր գումարի մնացորդը կազմել է 38 միլիոն 715 հազար 611 դրամ։
2022 թվականի հայտարարագրի տվյալներ
Տարեկան եկամուտները ընդհանուր կազմել են 18 միլիոն 671 հազար 860 դրամ։
Վարկերի և փոխառությունների մասով նրա մայր գումարի մնացորդը կազմել է երկու հիպոթեքային վարկ՝ 16 միլիոն 33 հազար 117 դրամ և 23 միլիոն 875 հազար 756 դրամ, ընդհանուր՝ 39 միլիոն 908 հազար 873 դրամ։
2021 թվականի հայտարարագրի տվյալներ
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Զարիկյանի բանկային ավանդները տարվա սկզբում և վերջում կազմել են նույն չափով։ Նա ունեցել է ընդհանուր 25 միլիոն դրամի ավանդ։
Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին պաշտոնյան ունեցել է 154 ԱՄՆ դոլար և 2 միլիոն 345 հազար 999 դրամ բանկային միջոց, ինչպես նաև 9 հազար ԱՄՆ դոլար, 4 միլիոն դրամ և 20 հազար եվրո կանխիկ գումար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 15 միլիոն 964 հազար դրամ, իսկ վարկային պարտավորությունները՝ շուրջ 40 միլիոն 996 հազար դրամ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: